1984-Ի ՇՔԵՐԹՆ ՈՒ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Նկարչի տանը, Աբովյան-16 հանրահայտ շենքում վաղամեռիկ երկու նկարչի հետմահու ցուցահանդեսներն էին բացվել. 1-ին հարկի ցուցասրահում` Մինաս Ավետիսյանի (1928-1975), երկրորդ հարկի դահլիճում` Հրաչյա Հակոբյանի (1935-1982)։ Երկուսն էլ վախճանվեցին 47 տարեկանում, ստեղծագործական նոր մտահղացումների կենսագործման շեմին, Մինասը` դավադիր վրաերթից, Հրաչը` սրտի կաթվածից։
Առաջին հարկը լեցուն էր արվեստասերներով, նկարիչներով և, պարզապես, Մինասի դղրդուն անվան հմայքով տարված հանրությամբ։ Այստեղ վերարժևորվում էր Մինասի գերգնահատված արվեստը, հիացական շշուկներից կարելի էր անգամ ժանյակներ հյուսել ու դրանցով զարդարել Աբովյան փողոցը վերից վար։ Տաղանդավոր նկարչի անըմբռնելի մահվան ցավը վերարթնացել ու շարականներ էր երգում երկրի գլխավոր գեղարվեստական ցուցասրահում։ Մինասի մահից անցել էր ընդամենը 9 տարի։
Երկրորդ հարկում ամայություն էր։ Նկարչի կինն էր գլխահակ նստած անկյունում, և երեք այրեր էին շրջում դահլիճում։ Այստեղ ցուցադրված էին Երևանի օպերայի և բալետի թատրոնի նախասրահի որմնանկարների էսքիզները, որոնք գերիչ էին շունչ կտրելու չափ։ Հրաչյա Հակոբյան-Սիրուն Հրաչի վախճանից անցել էր «շա՜տ երկար ժամանակ», ընդամենը երկու տարի։ Սակայն նրա ստեղծագործությունների անհատական 1-ին ցուցահանդեսը մատնվեց դավադիր անտարբերության։ Նրան ձոներգեր չէին նվիրաբերել, նա շրջապատի կողմից չէր պատվել խորհրդավորության կախարդիչ քողով։ Սիրուն Հրաչ մականունը գործընկերների գնահատականն էր, նրան սիրում էին ազնվական իր էության և անափ բարյացակամության համար։
Երեք այրերը մոտեցան տպավորությունների գրքին, գրառումներ կատարելու նպատակով։ Նրանցից մեկը հանկարծ շրջվեց դեպի ընկերներն ու ասաց. «Տղեք, Հրաչը ծածկեց Մինասին»։ Սարո Սարուխանյանն էր...
ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆ. ԱՐԾՎԻ ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ
«Հրաչ, դու հանճար ես... Մենք սիրում ենք խորհել հանճարեղության մասին։ Հրաչը նկարիչների շրջանում հաճախ էր վիճաբանում իր այդ սիրելի թեմայի շուրջ։ Նա 35 տարեկան էր։ Հանկարծ սրտի ցավ զգաց, ոչ միայն սրտի, այլև ողջ կրծքավանդակի շրջանում։ Դա սրտի առաջին կաթվածն էր։ 12 տարի անց երկրորդ հարվածի ժամանակ կյանքը կանգ առավ»։
Ալեքսանդր ՏՈԿԱՐԵՎ,
գեղանկարիչ
Նրա վերջին գործը «Խաչելությունն» էր, կատարված Փարիզի Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու համար։ Վանահոր և նկարչի միջև երկխոսությամբ է ճշտված ստեղծվելիք նկարի էությունը.
«-Կարո՞ղ ես ինչ-որ բան նկարել խորանի համար։
-Իհարկե։ Իսկ ինչպե՞ս։ Ժամանակակի՞ց, թե՞ ավանդական։
-Դե, կարելի է նաև ժամանակակից,- անվստահ ասում է վանահայրը։
-Շատ լավ, այդ դեպքում ես կնկարեմ մի մեծ հարցական նշան,- ուրախությամբ արձագանքեց նկարիչը։
-Վախենամ` շատ ժամանակակից կլինի,- ծիծաղեց վանահայրը»։
«Խաչելությունը» երեք տարբերակ ունի։ Առաջինում Տերը մանուշակագույն խաչափայտի վրա է, գլուխը հակած, աչքերը փակ։ Բռնատանջանքի հետքեր չկան։ Ոտքերից վար խաչափայտը շրջապատված է խառնիխուռն քարաբեկորներով, որոնք տապանաքար են հիշեցնում։ Խաչվածի աջ թևից ներքև քարաբեկորները բրգացել, վեր են բարձրացել։ Հիմնապատկերում իշխում է դեղինը, տեղ-տեղ կանաչ և ծիրանի ամպիկներով լրացված։ Կտավը կյանքի հաղթանակն է մահվան հանդեպ, Տերը, աչքերը գոց, զննում է բեկանված աշխարհը, որն իր մահով պետք է հառնի փլատակներից։ Երկրորդ տարբերակը ցնցում է ողբերգականությամբ։ Տիրոջ մարմինն արնագույն է, արնագույն է նաև խաչափայտը։ Հետևում թիկնոց է կախված, գլխի շուրջ թիկնոցը լուսավորված է, այսպես է հեղինակը պատկերել խաչված Հիսուսի լուսապսակը։ Տիրոջ աչքերը դարձյալ փակ են, սակայն փակ են խոր քուն մտած մարդու աչքերի նման։ Դեմքի արտահայտությունն աշխարհի անարդարությանն առնչված մարդու խորը վշտի մասին է պատմում։ Դարչնագույնով հագեցած հիմնապատկերը ենթադրել է տալիս,, որ Տերը խաչով հանդերձ շիրիմում է։
Երրորդ տարբերակն ամենազարմանալին է։ Տիրոջ աչքերը բաց են, նա խաչված է, սակայն ակնդետ նայում է դեմ հանդիպման կանգնած դիտողին և համայն մարդկությանը։ Ասում են, որ սա առաջին դեպքն է, երբ խաչված Հիսուսը պատկերված է բաց աչքերով։ Այս եռապատկերը նրա կարապի երգն էր, նկարն ավարտվեց, մնալով նկարակալի վրա։ «Խաչելության» պատվիրատուն Սերովբե եպիսոկոպոս Մանուկյանն էր։
«ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԵՐՈՒՍԱՂԵՄ» ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԻՉԸ
ՀՀ-ն և, առհասարակ, Հայկական աշխարհը նվաստիս խենթավուն երազանք-հավակնություններով հռչակվել է «Կերպարվեստի Երուսաղեմ երկիր»։ (Երկիրը հռչակվել է, սակայն սորոսյան հավկուրությունն առայժմ դրության տերն է, իշխանությունը ազգային կերպարվեստը, երեկ և այսօր, դիտարկում է որպես մնացորդային արժեք, մի ծանր բեռ, որից անկարող է ձերբազատվելու, բայց անտեսելու խիստ ունակ է)։
Այս երկրի հնագույն բնակիչներն են ժայռապատկերները, կերպարվեստի քարաձույլ մշակույթը, անհամար արձանները, որմնաքանդակները, ցայտաքանդակները, մանրանկարիչ վարպետները, և այլն, և այլն։ Յուրաքանչյուրն ապրում է իր դռնբաց դղյակ-թանգարանում։ Դղյակներն անհամար են «Կերպարվեստի Երուսաղեմ երկրում»։ Նոր ժամանակներում նոր վարպետներն են այստեղ բնակություն հաստատել։ Իշխող դիրք ունեն Սարյանի և Քոչարի, Սուրենյանցի և Յակուլովի, Շահենի և Գյուրջյանի, Բաժբեուկ-Մելիքյանի և Անդրեաս Տեր-Մարուքյանի, Արծրունյանի և այլոց դղյակ-թանգարանները։ Հրաչյա Հակոբյանի դղյակ-թանգարանը երկրի սահմանային ուղեկալում է։ Որովհետև Սիրուն Հրաչը կենտրոնանիստ ստեղծագործող էր, երկիրն ու նրա բնակիչներին տեսնում էր իր գեղարվեստական կենսաշխարհի հորինվածքային դրվագներում։ Նրան, ինչ խոսք, գնահատել են գնահատականների մեջ բավականին դժվարահաճ կերպարվեստագետները. «Գեղանկարիչ Հրաչյա Հակոբյանի արվեստը շրջապատող աշխարհի գեղարվեստական արտահայտությունն է` դրոշմված ինքնատիպ անհատականության կնիքով։ Նա ոչ միայն տաղանդավոր նկարիչ էր, իր արվեստում նա նաև բանաստեղծ էր ու փիլիսոփա, միշտ հավատարիմ ինքն իրեն։ Նրա ստեղծած արվեստի աշխարհը երբեք չկրկնեց ոչ մեկին։ Նա իր նկարչական աշխարհը կերտում էր լայն ընդհանրացումներով։ 70-ական թվականներին արդեն Հրաչյա Հակոբյանի արվեստում վառ արտահայտություն են գտնում աշխարհընկալման բոլորովին նոր ձևեր ու արտահայտչամիջոցները։ Այդ տարիներին նա շատ ճկուն է օգտագործում տարածությունը. սեղմ, նույն հարթության վրա պատկերված մարդիկ կտավի վրա ստեղծում են դրամատիկ հնչեղություն` զուսպ գունային համադրությամբ։ Այդ նկարների կողքին հատկապես աչքի է ընկնում «Բալլադ զոհվածների մասին» (1968 թ.) կտավը, որն իր ձևի մեջ ժամանակակից հայ կերպարվեստի լավագույն ստեղծագործություններից է։
Այդ կտավ-լուսանկարը ստեղծվել է նախապատերազմյան շրջանի խունացած լուսանկարների տպավորության տակ։ Այն մի եղերերգ է` նվիրված կամավոր ռազմաճակատ մեկնած դեռահաս պատանիներին»։
Վարուժան Վարդանյանն է այս սեղմ, սակայն արտահայտիչ և խորքային գնահատականի հեղինակը։
Հրաչյա Հակոբյանը մերժված չէր խորհրդային գեղարվեստական իշխանադասի կողմից։ Եղել է Ֆրանսիայում, մասնակցել է Լոս Անջելեսում կազմակերպված, խորհրդային արվեստին նվիրված կերպարվեստի ցուցահանդեսին, ստեղծագործական գործուղման է մեկնել Լեհաստան, օլիմպիական խաղերի քաղաք Սպալեում մասնակցել է նկարիչների գիտաժողովին։ Եղել է Բուլղարիայում, Կուբայում և Ճապոնիայում։
Սիրուն Հրաչը, բնականաբար, չէր կարող շրջանցել յուրաքանչյուր նկարչի սրտի և վրձնի սփոփանք մերկ կնոջը։ Նրա մերկ կանայք բնավ չեն ընկերակցում, դիցուք, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի կամ Փարավոն Միրզոյանի կամոք մերկացած կամ կիսամերկ կանանց։ Սիրուն Հրաչի կանայք, մերկ կամ կիսամերկ, լողափին և այլուր երկրաչափական նազանք ունեն, ասես ավարտվել է նրանց կյանքի բարդ ու լարված փուլը և նրանք տագնապալից սպասման մեջ են։ Հրաչյա Հակոբյանը, ինչպես և Կարո Մկրտչյանը, կանխագուշակող նկարիչ էր։ 1974-ին վրձնած «Լռություն» կտավում երկու պատանի զինվորներ են, որոնցից մեկը վիրակապում է մյուսի ձեռքը։ Լռել է հեռավոր լուսինը։ Լուռ է երկիրը, բայց ձայներ են հնչում դեռևս մթին երկնքում, արշալույսն է ազդարարել իր իրավունքները։ Զորքից լքված են զինվորները, սակայն վիրավորի ձեռքի հրացանը գամված է երկրի հողին, սվինը ուղղված է դեպի մթին երկինքը։ Այս տղաները մարտնչել են Սարդարապատում, Երասխավանում և ապրիլյան պատերազմում։ Նրանք, ասես, վտանգված հայրենիքի պահապան հրեշտակներն են։
Հրաչյա Հակոբյանը, անկասկած, ճակատագրի ընտրյալն էր, բայց ժամանակը երբեմն բրտորեն շրջանցում էր նրան, տաղանդավոր մի քանի նկարիչների նման նա էլ վերապրեց մերժման իր բաժին տարիները։ Այս ընթացքում նա քնարական գործեր էր ստեղծում, որոնցում նրա արվեստի տողատակյան պրկությունը զգացվում է երկրորդ դիտման ժամանակ։ Նման գործերից են «Կոշկակարը», «Հանգստացող կինը», «Ջութակահարը», «Ինքնադիմանկարները» (ստեղծված 1971-ին և 72-ին), «Մանունա», «Թագուհին» և այլք։ Իսկ 1969-ին վրձնած «Կոմիտասը» անվերապահորեն նորովի է մեկնաբանում հանճարեղ երգահանին։ Նորովի, այսինքն ըստ Հրաչյայի։
Սակայն կարծես հայտնվում եմ արվեստաբանական վերլուծության տիրույթում։ Հեռանամ, քանի դեռ ուշ չէ, և չեմ արժանացել վերլուծաբանների և տեսաբանների դատափետմանը։ Ի վերջո, այս խորագրի գերնպատակը հրապարակագրությամբ այն խնդիրների արծարծումն է, որոնց լուծումը տեսանելի և հասանելի է, և երկրի վերածննդի անկյունաքարերից է։
Եղերական վախճանից մեկ շաբաթ առաջ նա ասաց կնոջը, արվեստաբան Վիլենա Մկրտչյանին. «Եթե Աստված ինձ մի քիչ էլ կյանք տար, ամեն բան այլ կերպ կանեի, հսատկապես օպերան։ Շատ բան եմ հասկացել, շատ անելիք ունեմ»։
ՀԵՏԳՐՈՑ
Անուամենայնիվ, 1984-ին ինչու՞ էր դատարկ նկարչի տան 2-րդ հարկի ցուցասրահը։ Եվ արդյո՞ք հիմա Հրաչյա Հակոբյանը բավարար չափով գնահատված և ըստ արժանվույն հանրահռչակված է։
Կասկածում եմ, բայց ո՞վ կամ ովքե՞ր են փարատելու մելամաղձոտ տվայտանքներս։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ